Relief to displaced families
mother see of holy etchmiadzin

«Ես ու հանձնախմբի բոլոր անդամները երախտապարտ ենք Վեհափառի Հայրապետին, որ այս կարևոր առաքելությունը  մեզ վստահեց». Հայ Առաքելական եկեղեցին՝ թիկունքում ու սահմանին

«Ես ու հանձնախմբի բոլոր անդամները երախտապարտ ենք Վեհափառի Հայրապետին, որ այս կարևոր առաքելությունը մեզ վստահեց». Հայ Առաքելական եկեղեցին՝ թիկունքում ու սահմանին

Հայ Առաքելական եկեղեցին բառի ուղիղ ու փոխաբերական իմաստներով ստանձնում է ազգի նորոգության առաքելությունը պատմական տարբեր շրջադարձերում։ Մեր եկեղեցին այս 44 -օրյա պատերազմի օրերին նույնպես, այդ առաքելությանը հավատարիմ, և ՛թիկունքում էր, և՛սահմանին։   

Բազմաթիվ հոգևորականներ սքեմի վրայից հագան զրահաբաճկոններ՝ խաչի հետ վերցնելով զենքը, նրանք, ովքեր մնացին թիկունքում, կարճ ժամանակատվածում կարողացան բազմաթիվ նախաձեռնություններով աջակցել պատերազմից տուժած ընտանիքներին։

Այդ նախաձեռնություններից մեկն էլ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո իրականացվող «Աջակցենք Արցախին» ծրագիրն է։ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրի աշխատանքները համակարգում է հանձնախումբը՝ ատենապետությամբ  Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Հանձնախմբի կազմում ընդգրկված են եկեղեցականներ և աշխարհականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և բոլոր մայրցամաքներից։

«Ինձ համար շատ հուզիչ էր և նաև խանդավառող, երբ տեսա, որ ամեն զինվոր խաչ էր կրում և որ խցերի մեջ,  պատի վրա խաչեր էին  գծել,  մատուռներ էին սարքել․․․» Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան

 «Հայ Առաքելական  Եկեղեցու առաքելության մասն է ձեռք երկարել, օգնել, զորակցել նրանց, ովքեր կարիք ունեն, և Քրիստոս ինքը իր պատգամներով և իր կյանքով նաև այդ օրինակը հանդիսացավ» ,- Artsakh Outreach-ի հետ զրույցում այսպես է սկսում «Աջակցենք Արցախին» ծրագի ստեղծման պատմությունը Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Սրբազան հայրը հիշեցնում է պատմության հին ու նոր էջերում մեր եկեղեցու նվիրական առաքելության մասին պատմող դրվագները․ «Ներսես  Մեծ կաթողիկոսը հենց Քրիստոնական առաջին դարերում բարեգործական հիմնարկներ հիմնեց՝ վանքեր, անկելանոցներ, հիվանդանոցներ։ Երբ 33 տարի առաջ երկրաշարժը եղավ,  ես հիշում եմ՝ այդ օրերին Թորգոմ Սրբազանը Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդն էր, եղավ առաջիններից, որ Գևորգ Հովնանյանի և Էդգար Հովսեփյանի հետ արդեն հաջորդ օրը Հայաստան հասան։ Հենց այդ օրերից Հայ եկեղեցու Արևելյան թեմը կազմակերպեց Հայ Օգնության Ֆոնդը՝ ՀՕՖ-ը, որը մինչ օրս շարունակում է  իր գործունեությունը։ Եվ ոչ միայն Արևելյան թեմի պարագայում, արտասահմանի բոլոր թեմերի պարագայում ևս։

Վերադառնալով Արցախի այս վերջին պատերազմից հետո մեր ժողովրդին օգնություն բերելու և զորակցելու հարցին՝ նշեմ, որ Վեհափառ Հայրապետն ինքը հանձնախումբ նշանակեց, և ես ու հանձնախմբի բոլոր անդամները երախտապարտ ենք Վեհափառ Հայրապետին, որ այս կարևոր առաքելությունը  մեզ վստահեց։ Ուրախ եմ, որ թե՛ արտասահմանից, թե՛ Հայաստանից հոգևորական ու աշխարհական առաջնորդները մաս են այս առաքելության, և  բոլորիս նպատակը մեկն է՝ ինչպես կարողանանք լավագույն ձևով օգնություն բերել»։

Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը երախտագիտությամբ է խոսում ծրագրի բոլոր մասնակիցների մասին, առանձնացնում՝ մի քանի անուններ․ «ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Եգիպտոսի թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Ավտրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, աշխարհականներ, որոնք բոլորն էլ հայ եկեղեցու կյանքում գործունյա ղեկավար դիրք ունեցող անձեր են՝ ինչպես Ջեյմս Գալուստյանը Բոստոնից, որ երկար տարիներ թեմական խորհրդի ատենապետ էր և նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է, Օսքար Թաթոսյանը՝ արևելայն թեմի թեմական խորհրդի անդամ և պատվո հյուպատոս, Կալիֆորնիայից  Սինան Սինանյանը,  որը նաև ՀԲԸՄ կենտրոնական հանձնախմբի անդամ է, Վարուժան Ալթեպարմաքյանը, որը  Գերագույն հոգևոր խորհրդի և Արևմտյան թեմի թեմական խորհրդի անդամ էր․․․ Հայաստանից հոգևորականներ և աշխարհականներ․ Անձեր են, որոնք նվիրված են և նաև պրոֆեսիոնալ»։

Ի պատասխան հարցին, թե արդյոք այս ծրագրի զարգացման համատեքստում սոցիալական աջակցությանը զուգընթաց նաև ուղենշե՞լ եք առողջապահական կամ կրթական ուղղություններով նախագծեր, սրբազան հայրը նկատում է․ «Բնականաբար, կարիքը կա. կարելի է․ ինչպես Հայ Օգնության ֆոնդը այդ ծրագրերն ունի և 30 տարուց ի վեր գրեթե 350 միլիոն դոլարի օգնություն է բերել՝ իրականացնելով նաև առողջապահական ու կրթական բազմաթիվ ծրագրեր։ 

Քայլերն արդեն սկսված են, և, վստահաբար, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ  այդ քայլերն ավելի պետք է ընդարձակվեն, որպեսզի սիստեմատիկ և կազմակերպված ձևով այդ ծրագրերն իրագործվեն։

Հաջորդ փուլում արդեն որոշ ընտանիքների զարգացման ծրագիր կկազմվի,  որպեսզի  իրենց տունն ունենան, իրեն գործը  իրենց զավակներին դպրոց ուղարկեն․ Տեր Մարկոսն արդեն նման ծրագիր մշակել է»։

«Աջակցենք Արցախին» ծրագրի ատենապետը զրույցի վերջում հիշում է 2016թ Քառօրյա պատերազմից հետո Ստեփանակերտում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը․ «Շատ հուզիչ և հաճելի առիթ էր ինձ համար և բոլորիս համար, որովհետև ժողովից զատ՝ առիթ ունեցանք ժողովրդի հետ շփվելու, նաև գնացինք առաջնագիծ, հանդիպեցինք զինվորների հետ։ Ես հիշում եմ, թե ինչպես էին զինվորները հավաքվել Վեհափառի շուրջը, մեր շուրջը, զրուցում էին, հարցեր տալիս, նաև միատեղ աղոթեցինք։

Ինձ համար շատ հուզիչ էր և խանդավառող, երբ տեսա, որ ամեն զինվոր խաչ էր կրում և որ խցերի մեջ, պատի վրա խաչեր էին  գծել, մատուռներ էին սարքել․․․»։

«Երանի այս ծրագրերի  անհրաժեշտությունը հնարավորինս շուտ վերանա» Տ Մարկոս քահանա Մանգասարյան

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը Մայր Աթոռի սոցիալական ծառայության տնօրենն է, նաև «Աջակցենք Արցախին» ծրագիրը համակարգող հանձնախմբի քարտուղարը։  Մայր Աթոռի սոցիալական ծառայությունը Արցախյան պատերազմից հետո ձեռնամուխ է եղել ամենատարբեր աջակցության ծրագրերի։

«Մինչ «Աջակցենք Արցախին»  ծրագիրը տեղահանված արցախցիների ենք ընդունել Մայր Աթոռի հովանավորության տակ գտնվող չորս հիմնական կացարաններում՝ Եղեգնաձորում, Ծաղկաձորում, Սաղմոսավանում, էջմիածնում․ 600-ից ավել արցախցիներ են հաստատվել այդ կացարաններում, բայց այս ամենից զատ՝ մեր բոլոր հոգևորականներն էլ իրենց հիմնական համայնքներում ծխականների միջոցով հազարավորների են տեղավորել, որոնց հաշվարկն ուղղակի արված չէ, որովհետև արել են պահի հրամայականով»,- Artsakh Outreach-ի հետ զրույցում նշում է Տեր Մարկոսը։

Թե ի՞նչ է արդեն արվել «Աջակցենք Արցախին»  ծրագրի շրջանակներում, Տեր հայրը ներկայացնում է մի քանի թվերով․«Առաջին փուլում 205 ընտանիքի մեկ ամսվա համար նախատեսված սնունդ և տնտեսական պարագաներ տրամադրեցինք, երկրորդում՝ 386, բայց նպատակ կա, որ հաջորդ փուլերին արդեն նաև զարգացման ծրագրեր արվեն․ մշակվեն այս մարդկանց աշխատանքով ապահովելու, իրենց կեցության  հարցերը կարգավորելու նախաձեռնություններ, որովհետև հակառակ պարագայում մենք գործ ենք ունենալու արտագաղթի հետ, իսկ ծրագրի թիրախային նպատակներից մեկը արտագաղթը կանխարգելելն է»։  

Նա նշում է, որ այս ծրագրերի շրջանակներում Արցախից եկած շատ ընտանիքներում է եղել ու զգացել՝ արցախցին անկոտրում կամք ունի․ «Մեր կացարանում ապրող ընտանիքիներից մեկը Շուշիից է։ Ընտանիքում չորս անչափահաս զավակ կա։  Մայրը, որ իր մորեղբորն է կորցրել, հայրն է այնտեղ զոհվել, միևնույնն է, իր ընտանիքի, իր երեխաների ապագան էլի տեսնում է Արցախում, էլի տեսնում է Շուշիում։  Ինքը երկմտություն չունի․ ասում է՝ անպայման մենք գնալու ենք հետ՝ Արցախ»։

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը պատմում է, որ առաջին իսկ օրերից Հայաստանում հաստատված արցախցի մեր բազմաթիվ հայրենակիցներ սերտորեն կապ են պահում եկեղեցու սպասավորների հետ․ «Մենք բնավ տարբերություն չենք դրել, թե արդյո՞ք այս մարդը հայ եկեղեցու անդամ է, մկրտված է, մկրտված չէ․ Արցախից է եկել՝ մեր դռները բաց են։

Շատերը եկել են-ասել, որ մկրտված չենք, ուզում ենք, որ մեզ մկրտեք։ Կապը եկեղեցու հետ ամենաուղղակի կերպով է եղել՝ պատարագին մասնակցել, հոգևորականների հետ շփվել, բայց այստեղ  մի կարևոր բայց կա. եկեղեցին երբեք սա առիթ չի ընկալել քարոզչություն անելու, մարդկանց դեպի  եկեղեցի բերելու համար,  ինչպես որ շատ աղանդավորներ փորձեցին անել այս ընթացքում և որոշ դեպքերում ինչ-որ չափով նաև հաջողեցին»։

Մայր Աթոռի սոցիալական ծառայության տնօրենը շատ է կարևորում իրականացվող բոլոր ծրագրերը, բայց, միաժամանակ, նշում է. «Երանի այս ծրագրերի  անհրաժեշտությունը հնարավորինս շուտ վերանա»։

Տեր Հոր այս ցանկությունը աղոթքի նման է հնչում:

Պատրաստեց Զարուհի Դիլանյանը