Relief to displaced families
mother see of holy etchmiadzin

«Մարգարի՛տ, մեր Ղարաբաղը չեն տվել չէ՞». Արցախցի փոքրիկները կարոտում են իրենց տունը

«Մարգարի՛տ, մեր Ղարաբաղը չեն տվել չէ՞». Արցախցի փոքրիկները կարոտում են իրենց տունը

Վանաձորում ենք. Գուգարաց թեմի սոցիալական բաժնի պատասխանատու Հռիփսիմե Միրզոյանի հետ գնում ենք առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղից վերցնում ենք «Աջակցենք Արցախին» ծրագրի շահառուների համար նախատեսված փաթեթները հերթական տնայցի համար:

Հռիփսիմե Միրզոյանը նշում է, որ թե՛ Արցախյան պատերազմի մասնակիցների, թե՛ Արցախից տեղահանվածների ընտանիքներին այցելությունը Հայ Առաքեալական եկեղեցու հոգևոր սպասավորների ամենօրյա ծառայության մասն է, ու հաճախ հենց քահանաներն են աջակցության փաթեթները պատրաստում ու տանում շահառուներին: Այս անգամ խախտում ենք ընդունված սովորույթը, ու մի քանի այցելության ենք գնում առանց հոգևորականների, քանի որ կիրակի է, ու եկեղեցիներում դեռ պատարագը չի ավարտվել:

«Չգիտեմ, ես չեմ մտածում մեկ վայրկյան նույնիսկ, որ չենք գնալու»

Երևանյան խճուղի թաղամասում է ապրում տիկին Մարգարիտը: Նա ընտանիքի տասնմեկ անդամների հետ տեղափոխվել է Իշխանաձորից. երկու որդիներն իրենց ընտանիքներով, ինքն ու ամուսինը: Թողել են ամեն ինչ, ինչ ունեին՝ մեծ տուն, այգի: Տիկին Մարգարիտը մինչև հոկտեմբերի 9-ն այնտեղ է եղել, տղաներն ու ամուսինը՝ ուշ են եկել. մասնակցել են ռազմական գործողություններին:

«Մեծ տղաս սպա է, փոքր տղաս համայնքի ղեկավարի տեղակալն էր գյուղում. մինչև դեկտեմբեր փոքր տղաս եղել է այնտեղ,-պատմում է Մարգարիտ Սարգսյանը ու նշում՝անպայման վերադառնալու են Իշխանաձոր.- հույս ունենք, և այդ հույսն է, որ մեզ ուժ է տալիս՝ էստեղ ապրելու, որ պիտի հետ գնանք : Թողել ենք մեր տուն – տեղ, ապրուստ, քսաներկու տարի ապրել ենք այնտեղ, ամեն ինչ արել ենք, մեր ապրած կյանքում, ամեն ինչ ստեղծել ենք. չգիտեմ, ես չեմ մտածում մեկ վայրկյան նույնիսկ, որ չենք գնալու»:

Ընտանիքը վերաբնակեցման ծրագրով է տարիներ առաջ հաստատվել Իշխանաձորում. «Վանաձորից ենք տեղափոխվել Իշխանաձոր, ապրել ենք այնտեղ, ես ուսուցիչ եմ եղել: Երբ որ խոսք էր լինում նորից վերադառնալու, այստեղ գալու մասին, միանշանակ մտածում էինք, որ մենք չենք գա, նույնիսկ փոքր տղաս, երբ ասում էինք՝ գնանք Վանաձոր, ասում էր՝ չէ, էնտեղ անելիք չունեմ, գնամ ինչ անեմ:

Երևի չեք պատկերացնի՝ մենք ինչ ձևով ենք էնտեղ արմատավորված»:

Նա նշում է, որ անգամ սոցցանցերում թշնամու կողմից տարածվող տեսանյութերում է փնտրում իրենց տունը. «Էնքան ցույց են տալիս՝ ոչ մի անգամ մեր տունը ցույց չեն տալիս, ուղղակի տպավորություն են ստեղծում, որ վերաբնակեցված չի եղել տարածքը»:

Նշում են՝ միայն իրենց «կառալյոկի բաղերն» են տեսել «թուրքի վիդեոներում»:

Արմենը՝ ամուսինը, Արցախի մասին պատմություններից հուզվում է: Նա պատերազմի օրերին Իշխանաձորում կամավորական է եղել:

Տան փոքրերը՝ Արմենը, Արփին, Դավիթը նստել են մեր կողքին, Լյուսին՝ ամենափոքրը, երկու ամսական է, խաղաղ քնած է: 

«Արմենը, Արփին և Դավիթը ծնվել են Արցախում, նաև իմ փոքր աղջիկը՝ Սոսեն է Արցախում ծնվել: Հիմա դասի է Սոսեն այս ժամին: Այն ժամանակ Բերձորի գլխավոր բժիշկն Արցախ Բունիաթյանն էր, պատերազմի մասնակից և միշտ պարտադրում էր բոլորին, որ պիտի հայկական անուն դնեն: Երբ Սոսեն ծնվեց, ինքը մտավ-ասեց՝ գեղեցկուհի է ծնվել, գիտես չէ՞ տիկին Մարգարիտա, հայկական անուն: Ասեցի՝ մենք որոշել ենք:

Երբ որ իմացավ՝ Սոսե, կողքի պալատում  տղա էր ծնվել, ասեց՝ դե ուրեմն իրեն էլ Սերոբ կանվանենք, գուցե  կյանքում Սոսեն ու Սերոբը հանդիպե՞ն: Ու ես այս պատմությունն աղջկաս պատմել եմ, աղջիկս արդեն տասնհինգ տարեկան է, ասում է՝ շատ կուզենամ Սերոբի հետ հանդիպել»,-պատմում է տիկին Մարգարիտան:

Թոռնիկը՝ հնգամյա Արմեն,  նշում է՝ կարոտել է գյուղը, ընկերներին՝ հատկապես Արսենչոյին: Արմենը գիտի, թե ինչու են եկել Արցախից. «Թուրքերն ուզում էին Ղարաբաղը վերցնեին, մենք լույսերը անջատեցինք ու հաց կերանք, ավտոն նստեցինք ու գնացինք»:

«Մենք լույսերը հանգցնում էինք, որ էդ բեսպիլոտնիկները, որ պտտվում էին էնտեղ,  մեզ չտեսնեին, ինքն էդ է պատմում» ,-բացատրում է տատը ու ասում, որ Արմենը վախեցել է, մի քանի օր չի կարողացել քնել.-որ ասեցին Շուշին տվել են, Արմենն ինձ կանչել է սենյակ, ասում է՝ Մարգարի՛տ, որ Շուշին տվել են, մեր Ղարաբաղը չեն տվել չէ՞: Չէ՛, Արմե՛ն, չեն տվել Ղարաբաղը:

Երեխաներին սեպտեմբերի 29-ին ենք ուղարկել, ես մնացի տղաներիս ու ամուսնուս մոտ: Միշտ մեծ տղաս զանգում էր-կռվում էր ինձ հետ ՝գնա՛, գյուղից դո՛ւրս արի, չէի ուզում իրենց թողնել»:

Նրանց թվացել է, թե քառօրյա պատերազմի նման է այս պատերազմը, բայց, ի վերջո, դուրս են եկել, հասել երեխաներին: Վանաձորում ծանոթներից մեկի տանն են տեղավորվել ժամանակավոր, բայց շուտով պետք է տունն ազատեն:

Նա մեզ հրաժեշտ է տալիս հարազատաբար. ասում է՝ Հռիփսիմեն իրենց հարազատի նման է ընդունել ծանոթության առաջին օրվանից, երբ գնացել են առաջնորդարան՝ ստանալու «Աջակցենք Արցախին»  ծրագրով նախատեսված իրենց փաթեթները:

«Իմ ընկերոջներին կվերցնեմ-կգնամ, իրենք էլ են ուզում գնան- կռվեն».

Իշխանաձորից է նաև Ռուզաննայի ընտանիքը. նա ամուսնու ու երկու երեխաների հետ է տեղափոխվել Վանաձորի Տարոն թաղմաս:  Բնակվում են վարձով. շուրջ 35.000 դրամ են տալիս բնակարանի համար ու կրկնակի՝ կոմունալներին: Հռիփսիմեն Ռուզաննայի երկու երեխաների համար բերել է տոնական փաթեթները:

Ռուզաննայի տղան՝ Աշոտը,  երկրորդ դասարանում է սովորում, Վանաձորում արդեն ընկերներ է գտել. բակում խաղում է Լևոնի, Աշոտի, Շալիկոյի, Վաչեի հետ, բայց շատ է կարոտում Արցախի ընկերներին, որոնց պատերազմից հետո չի հանդիպել՝ Արթուրին, Միքայելին, Գոռին, Յուրային…կարոտում է նաև իր ուսուցչուհուն. «Ազգանումը Գալստյան էր, իսկ իրա անունը՝ Փառանձեմ»:

Ռուզաննայի ընտանիքը Վանաձոր տեղափոխվել է դեկտեմբերի 22-ին. «Սեպտեմբերի 27-ին, առավոտյան հենց որ սկսվեց, դե քանի որ ես 1992-ից արդեն տեղյակ էի՝ոնց է, հենց առավոտյան երեխեքեին վերցրել եմ, ու տալիս տղան մեզ բերել է սկեսուրենցս տուն՝ Գորիսի շրջան Վաղատուր գյուղ»:

Ընտանիքն Իշխանաձորում է հաստատվել 2018 թվականից, մինչ այդ՝ ապրել են Սյունիքում, Արցախում. «Մինչև որ ամուսինս սեփական տուն կառուցեց Իշխանաձորում, տեղափոխվեցինք այնտեղ: Ստեղծեցինք ամեն ինչ: Հիմա աշխատանք չունենք, ամուսինս երրորդ կարգի հաշմանդամություն ունի, ոչ կրակային են տարել իրեն: Աշխատավարձից զրկել են, քանի որ առաջնագծում չի եղել. թիկունքի աշխատող էր: Մեր տնից դուրս չի եկել մինչև նախավերջին օրը»:

Պետական ու տարբեր աջակցության ծրագրերի օգնությամբ է ապրում ընտանիքը. «Ճիշտն ասած, մի մասը պահում եմ. ասում եմ՝ չի իմացվի, կարողա վաղը ավելի վատ վիճակում հայտնվենք»:

-Ի՞նչ ես ուզում դառնալ, Աշո՛տ, -հարցնում եմ: Նա, ուսերը թոթվելով՝ իբրև թե ի՞նչ պարզ հարցեր եմ տալիս,  պատասխանում է՝ զինվո՛ր, դրանից հետո էլ՝ բժիշկ:

Պատերազմի մասին փոքրիկը պատմում է. «Ես քնած էի, մայրիկս երկու գմփոց լսեց ու ինձ արթնացրեց: Հետո մորքուրենց քաղաքը հարձակվեցին՝ Ստեփանակերտ, հետո էլ մորքուրս պադվալում էր, մենք եկանք իմ տատիկի տուն»:

Ռուզաննան նշում է, որ քրոջ ամուսինն առաջին օրվանից պատերազմի մեջ է եղել, վիրավորվել, իսկ քույրն իրեն է միացել մեկ շաբաթ անց, նրանք այժմ վերադարձել են Ստեփանակերտի իրենց տուն, իսկ ինչ-որ մի օր Իշխանաձոր վերադարձի մասին Ռուզաննան հույս չունի.  «Ամեն ավերակը դարձրի հող, դարձրի բակ, որ երեխես խաղա, ստեղծեցի ամեն ինչ, որ իմ երեխան անհոգ ապրի ու հինգ րոպեում….»:

Փոքրիկ որդին՝ Շահենը, արևի նման լուսավորում է մոր հուսահատ դեմքը:

Բայց Աշոտը շատ է կարոտում իր տունն ուզում է վերադառնալ: Թուրքերից չի վախենում, ասում է. «Իմ ընկերոջներին կվերցնեմ-կգնամ. իրենք էլ են ուզում գնան կռվեն»:

Դուրս ենք գալիս. Հռիփսիմեն տեղեկացնում է, որ կամավորները կբերեն ծրագրով նախատեսված մյուս  փաթեթները ևս, Ռուզաննան արձագանքում է՝ հերիք չի տալիս եք, մի հատ էլ՝ բերեք-հասցնե ՞ք: Հռիփսիմեն նշում է, որ դա խնդիր չէ:

Պատրաստեց Զարուհի Դիլանյանը

Փետրվարի 14, 2021