Relief to displaced families
mother see of holy etchmiadzin

Տասնամյա Անիի երազանքը. «Որ մի օր հաղթենք»

Տասնամյա Անիի երազանքը. «Որ մի օր հաղթենք»

Մայր Աթոռի կողմից իրականացվող «Աջակցենք Արցախին» ծրագիրը պետք է շարունակվի աշխարհասփյուռ հայության հանգանակությունների շնորհիվ

2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկչական ուժերի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված և 44 օր տևած պատերազմի հետևանքով ավելի քան 100․000 մեր հայրենակից տեղահանվել և հաստատվել էին Հայաստանի տարբեր մարզերում։ Այդ ընտանիքների մի մասը պատերազմից հետո արդեն վերադարձել է Արցախ, բայց թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հարյուրավոր ընտանիքներ դեռ ունեն սոցիալական ամենատարբեր կարիքներ։ Ըստ պաշտոնական տվյալների` պատերազմի հետևանքով ավելի քան 35.000 մարդ զրկվել են իրենց տներից, իսկ զոհված ու վիրավոր հերոսների ընտանիքները ունեն հոգեբանական ու սոցիալական մի շարք խնդիրներ։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2020թ դեկտեմբերին սկիզբ դրվեց «Աջակցենք Արցախին» ծրագրին, որի նպատակն է առավել համակարգված կերպով օգնության ձեռք մեկնել պատերազմի հետևանքով սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին Հայաստանում և Արցախում: Այս նպատակի համար կենտրոնացվել են Սփյուռքի մի շարք թեմերի ուժերը` ատենապետությամբ  Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։

Հանգանակությունները կատարելու և ծրագրի ընթացքի մասին լրատվություն տրամադրելու համար գործարկվել է www.artsakhoutreach.org կայքը, որտեղ պարբերաբար հրապարակվելու են ծրագրի շահառուների ու աջակիցների վերաբերյալ պատմություններ։

Առաջին պատմությունը Գյումրիից է։

Փետրվարի 10, 2021թ.

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում ենք. այստեղ  «Աջակցենք Արցախին» ծրագրի շահառուների ցուցակները պատրաստ են,  փաթեթները հերթով դասավորվում են:

«Էդ տոպրակը հատըմ բեր, Անդո՛ ջան»,- գործընկերոջն է դիմում կենտրոնի աշխատակից Հռիփսիմեն ու իրար կողք կողքի կոկիկ շարում պարենային տուփերն ու տոպրակները, որոնք պետք է տարվեն Արցախից տարհանված ընտանիքներին:

Հռիփսիմեն ասում է, որ ինքն ու Մելանյան (գործընկերը) անգիր գիտեն իրեց շահառուներին, իսկ նրանք քիչ չեն.  «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակներում առաջին փուլով Շիրակի մարզում հաստատված 50  ընտանիք արդեն ստացել է սննդի փաթեթներ և տնտեսական պարագաներ: «Երկրորդ փուլը մեկնարկել է փետրվարի մեկից և ստանալու են 65 ընտանիք: Նույն ծրագրի շրջանակում մեկնարկել է նաև տոնական տուփերի նվիրատվության նախաձեռնությունը, և ներգրավված են 2400 երեխա Արցախյան պատերազմի մասնակիցների և Շիրակի թեմի համայնքներում հաստատված Արցախից տեղահանված և ընտանիքներից,- տեղեկացնում է Հռիփսիմե Պալյանը և ուրախությամբ հավելում,- ընտանիքների մեծ մասը բազմազավակ է. երեք-չորս երեխա՝մինիմումը, իսկ եթե չորսն են, ուրեմն վերջերս են ամուսնացել»:

Այսօրվանից մեկնարկել է բաշխումը, որը հիմնականում կատարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների միջոցով՝ տվյալ համայնքի հոգևոր հովվի մասնակցությամբ: Տոնական այդ պարկերում կան խաղալիքներ, քաղցրավենիքներ»:

Չափազանց ծանր ժամանակներ են, ու Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները, իրենց առաքելությանը հավատարիմ, առաջինն են ձեռք մեկնում պատերազմի սարսափով անցած մեր հազարավոր հայրենակիցներին. սարկավագներն ու քահանաները այցելում են նրանց, լսում հուզող խնդիրների մասին, խորհուրդներ տալիս…

Կենտրոնի առաջին հարկում դասավորում են երեխաների նվերների տոպրակները: Հայաստանը, որը օգնում է գործը գլուխ բերել, ցուցակը ձեռքին վերջին ճշտումներն է անում ու անուն առ անուն, տարիք առ տարիք, ասում, թե կենտրոնի կամավորներն ու աշխատակցիները ինչ նվերներ դնեն երեխաների համար:

«Աղջիկ՝ երկու տարեկան, տղա՝ վեց տարեկան…»,- լսվում է Հայաստանի ձայնը, Սրբուհին, Գայանեն, Մելանյան ու մնացած կանայք ու աղջիկները հերթով դնում են քաղցրավենիքը, խաղալիքը, ու իրենց սերը:

«Բա ե՞րբ ենք գնում գյուղ».

Մինչ կենտրոնի աշխատակիցները հերթական տնայցի դուրս կգան, ծրագրի շահառուներից մեկն անձամբ է մոտենում՝ ստանալու պարենային տուփերը: Հռիփսիմեն քրոջ հոգատարությամբ դիմում է ներս մտնող կնոջը՝ «Էլինա՜ջան, ինչի՞ չէիք պատասխանում, ախր մի քանի օր զանգել եմ՝ շուտ գաք վերցնեք»: Հռիփսիմեն գիտի, թե ինչքան կարևոր է այս աջակցությունը ընտանիքների համար: Էլինան տեղեկացնում է՝ հեռախոսահամարը երեխայի մոտ է եղել ու տեղավորվում սեղանի մոտ, որտեղ Հռիփսիմեն լրացնում է  նրա տվյալները:

Կինը Արցախից  երեք երեխաների հետ է Գյումրի եկել: Տղան տասնհինգ տարեկան է, աղջիկները՝ ինը և տասնմեկ: Իրենց տունը Հադրութի Սարալանջ գյուղում էր, այն արդեն թշնամու հսկողության տակ է: Փոքրամարմին կինն ավելի է փոքրանում Արցախի մասին հարցերից:

Պատմում է, որ հոկտեմբերի 1-ին եկել Գյումրի, մինչև այդ Արցախի մեկ այլ գյուղում են հանգրվանել. «Սեպտեմբերի 27-ին պատերազմը երբ սկսվեց, ճիշտն ասած,  ասեցինք՝ Ապրիլյանի նման է՝ մի քանի օրից հետ ենք դառնալու, բայց արդեն, որ սնարյադները սկսեցին ընկնել հենց գյուղի մոտակայքը, գնացինք Սպիտակաշեն, ասեցինք՝ էստեղ մնանաք՝ խորքում է,  մի քիչ անվտանգ է, էլի: Մի օր էլ էդտեղ մնացինք, հետո սկսեցին էդտեղ էլ հրետակոծել, եկանք Ստեփանակերտ, Ստեփանակերտից ավտոբուսներով եկանք Գյումրի»:

Նա մեծ հույս ունի, որ մի օր կվերադառնա Արցախ. եթե տուն տան, հիմա էլ կգնա. «Մեր հայրենիքն է, մեր հողն է, որ մենք չվերադառնանք…էսքան զոհեր ենք տվել, էսքան պայքարել ենք, հանուն ինչի՞, որ մենք թողնենք-գա՞նք, դառնա ամեն ինչ անիմա՞ստ: Երեխաները շատ են կարոտում. առաջ, որ գյուղում էինք ապրում, միշտ ասում էին՝ գնանք քաղաք, բայց արդեն, որ էստեղ ենք, ասում են՝ բա ե՞րբ ենք գնում գյուղ»:

Էլինան շնորհակալ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգածությամբ իրականացվող «Աջակցենք Արցախին» ծրագրից, որից երկրորդ անգամ է օգտվում ու, առհասարակ, Գյումրիում ցուցաբերված ուշադրության համար. նշում է՝ բոլորն են փորձում օգնել իրենց. «Նույնիսկ անծանոթ մարդիկ են մոտենում, դպրոցում երեխաներին  հոգեբանական ճիշտ մոտեցում են ցույց տվել, զրույցներ են անցկացրել: Ամեն ինչով օգնել են, շատ շնորհակալ եմ»:

Դե, ուզում ենք վերադառնալ Արցախ, բայց մի քիչ վախենալու է.

Էլինային ճանապարհելուց հետո Անդրանիկը, Հռիփսիմեն, Մելանյան մեքենայի մեջ են տեղավորում են մյուս շահառուների համար նախատեսված պարենային ու տնտեսական փաթեթները, տոնական տուփերը,  որոնց վրա գրված են ընտանիքիների ազգանունները՝ Գևորգյան, Բաղմանյան, Գասպարյան…:

Շուտով նրանց է միանում նաև Ռոման սարկավագը (տնայցերի ժամանակ հոգևորականները մեծ սիրով են ուղեկցում սոցիալական աշխատողներին):

Մենք ուղևորվում ենք Արցախի Նոր Մարաղա գյուղից եկած Մարինեի և Դավիթի ընտանիք: Գյումրու Երևանյան խճուղու թաղամասերից մեկում՝ մի փոքրիկ տան մոտ, անհամբեր մեզ են սպասում յոթամյա Նվերը և ութամյա Արտաշը: Նրանց փոքրիկ եղբայրը՝ երեքամյա Գոռը, պատուհանի հետևից զննում է մեզ:

Մտնում ենք մի նեղլիկ սենյակ, որտեղ դրված է մի հին վառարան ու հազիվ է տաքացնում տունը:  5 երեխաները շարվում են փոքրիկ սեղանի կողքին ու սպասում այնքան, մինչև ինչ-որ մեկը կբացի նվերները (զարմանալի զսպվածություն է այդ տարիքում):  Հռիփսիմեն ու Մելանյան հերթով բացում են նվերները: Գոռը իր նվերը թողնում ու վերցնում է Նվերի խաղալիքը՝ պարող ռոբոտը: Ես մոտենում եմ երեխաների մայրիկին՝ Մարինեին. նա միանգամից սկսում է զրույցը ու հիշում պատերազմի մասին. պատմում է, որ պատերազմի նախորդ  օրը իրենք Մարտակերտում հարսանեկան արարողության են մասնակցել, ու պատերազմի լուրը սարսափելի անսպասելիությամբ է մտել նրանց տուն. «Գյումրի եմ եկել սկեսուրիս ու երեխաներիս հետ՝ յոթ հոգով, ամուսինս և սկեսրայրս գյուղում են մնացել: Եկել եմ հայրական տուն, հետո այստեղ եմ տեղափոխվել, վարձով ենք ապրում»:

Մարինեն ասում է, որ հիմա սկեսուրն ու ամուսինը Մարտակերտում վարձով են ապրում. «Սկեսուրս ու ամուսինս հիմա այստեղ են, բայց վաղը գնալու են արդեն»:

Արցախ վերադարձի մասին նշում է. «Դե, ուզում ենք, բայց մի քիչ վախենալու է»: Աղջիկները՝ ութամյա Էլենը և տասնամյա Անին, իսկական աղջկական ամոթխածությամբ մի կողմ են քաշվել:

Անիի կողքին եմ նստում, հարցեր եմ տալիս, աղջիկը պինդ բռնել է իր նվերը, ու հարցերիս ամաչելով է պատասխանում: Ուզում է դառնալ բժշկուհի: Ամենամեծ երազանքի մասին երկար է մտածում՝ «Որ մի օր հաղթենք»: Ասում է, ու հարցական հայացքով նայում ինձ, որ հաստատեմ՝ այդ հաղթանակը լինելու է, ի պատասխան՝ ժպիտով վստահեցնում եմ, ինքն էլ է ժպտում է, ապա հուզված սեղմում խաղալիքի տուփը:

Էլենը երրորդ դասարանում է: Թեև այստեղ արդեն ընկերներ ունի, բայց շատ է կարոտել է իր գյուղի ընկերներին՝ Անիին, Հարութին, Մարտինին: Քրոջ պես ինքն էլ է երազում բժիշկ դառնալ: Արտաշը միանում է մեր զրույցին ու ասում, որ ինքն ուզում է զինվոր դառնալ, ապա մեծի նման փորձում հաշտեցնել Գոռին ու Նվերին, որոնք դեռ վիճում են ռոբոտի համար: Արտաշը Գոռին ասում է, որ ամեն մեկը պիտի խաղա իր նվերով ու մեկնում նրան գնդակը: Գոռը վերցնում է գնդակը, հետո՝ շոկոլադե կոնֆետը: 

Արտաշը զինվորական երգեր չգիտի, բայց զինվորականի լուրջ պահվածք ունի: Զինվորի մասին երգ է երգում փոքրիկ Էլենը. «Ես զինվոր եմ քաջարի, Մենք պատրաստ ենք կռվի…»: Էլենը չի շարունակում երգը, բայց պատերազմի հետևանքով տունը կորցրած փոքրիկի կատարմամբ այդ երկու տողն էլ հուզում է լսողներին:

Մինչ Ռոման սարկավագը հարցեր տալիս փոքրիկներին, գովում նրանց, տուն է վերադառնում Մարինեի սկեսուրը՝ տիկին Լյուբան: Հարցերիս արցախցու լավատեսությամբ ու տոկունությամբ է պատասխանում, բայց ցավով է նշում, որ ամեն ինչ են թողել Նոր Մարաղայում՝ տուն, այգի. «Ամեն ինչը բոլ-բոլ, ընտիր: Պատերազմը որ սկսվեց, դուրս եկանք, եկանք – հասանք Դրմբոն: Դրմբոնից ես իրենց ճանապարհել եմ. տեղ չի եղել, որ ես գամ, նոր մի շաբաթ հետո ես եմ եկել: Հիմա էլ պիտի գնամ-տեսնեմ՝ ամուսինս ոնց է, ինչ է»:

Ասում է՝ չի կարող թոռներին տանել, քանի որ Մարտակերտում շրջապատված են թշնամիներով: Տիկին Լյուբան նշում է, որ գոհ է բոլորից, բոլորի աջակցությունից, բայց շատ է ուզում տուն գնալ: Երեխաները միացնում են Արտաշի ստացած նվերը՝ խոսող այբուբենը, ու խմբվում այբուբենի առաջ: Հրաժեշտ ենք տալիս, ու գնում հաջորդ ընտանիքի հետ հանդիպման:

«Մեծանամ` Տաթևիկ եմ դառնալու».

Պլպլան ժամի մոտ գտնվող թաղամասում է Զարզանդի ու Արմինեի տունը: Բակում վեցամյա Մարիամն է մարզվում, նա հայրիկի հետ մեզ ուղեկցում է տուն: Փոքրիկ սենյակում ապրում են Արմինեն, Զարզանդը, նրանց չորս զավակները ու Մուշեղ պապը: Այս մեկ սենյակում տեղավորվում են երեխաները, իրերը, նրանց հագուստները, հին վառարանը. Խոհանոցանման ինչ-որ անկյուն: Արմինեն մահճակալի վերևում մեխերից մեկից կոկիկ կախել է  երեխաների վերնահագուստները, մյուսից՝ իրենցը: Տունը Մուշեղ պապինն է, պապը հիվանդ է, ու Զարզանդը հոգում է նաև հոր դեղերի հարցը: Մուշեղ պապը, Արցախի մասին խոսելիս չի զսպում  արցունքները:

Զարզանդը Արցախ մշտական բնակության է տեղափոխվել 2012 թվականից ու պատերազմի օրերին էլ եղել է Արցախում. «Քաշաթաղի Արտաշավի գյուղից ենք եկել: Հոկտեմբերի մեկին երեխներիս եմ դուրս հանել, ես մնացել եմ-մասնակցել որոշ գործողությունների: Առաջնագիծ չեմ եղել, բայց որոշակի գործողությունների մասնակցել եմ: Նոյեմբերի քսանմեկին էլ ես եմ դուրս եկել: Մեր գյուղը հիմա իրենց հսկողության տակ է: Ամեն ինչ արել էի՝ տունը սարքել էի, անասուններ էի պահում, լավ էր: Որ սկսվեց, հույս ունեինք, որ շուտ կավարտվի, բայց չէ…: Հաղթանակի սպասում էինք մենք. նման կորուստներ չէի հավատում, որ կունենանք՝ թե՛ տարածքային, թե՛ զոհեր: Էս պահին էլ եղբայրս առաջնագծում է. կամավորական գնացել է պատերազմի ժամանակ ու մինչև հիմա այնտեղ է»:

Նա պատմում է, որ համագյուղացիների հետ կապի մեջ է ու բոլորը Հայաստանում են, ապա հավելում, որ շատ է ուզում հետ գնալ, ու եթե անվտանգությունն ապահով լինի, կգնան:

Հարցին, թե ինչով է այս պահին զբաղվում, հումորով պատասխանում է. «Էս պահին ես, կարելի է ասել, տնային տնտեսուհի եմ /ծիծաղում է/….ոչ աշխատանք  ունեմ, ոչ մի բան. պետության, ծրագրերի տվածով դեռ ապրում եմ, մինչև տեսնենք՝ միգուցե լավ լինի, հետ գնանք»:

Երեխաներին խնդրում եմ ինչ-որ երգ երգել, հնգամյա Տաթևիկն ի պատասխան՝ նշում է. «Մենք պուճուր ենք, չենք կարող»: Հարցին, թե մեծանաս, ինչ ես դառնալու, Տաթևի՛կ, պատասխանում է. «Մեծանամ` Տաթևիկ եմ դառնալու»:

Մարիամն ասում է, որ ինքը բժշկուհի է  դառնալու, Ալինան՝ երգչուհի, երեխաների մայրը՝ Արմինեն նշում է, որ ամենափոքրը՝ Վարդանը, պետք է զինվոր դառնա: Հայրն արձագանքում է՝ որ Վարդանը զինվոր դարձավ, թուրքն իր հացը կուտի: Վարդանը չգիտի, թե ինչ է թուրքը, ինչ է պատերազմը. նա խաղաղ տեղավորվել է սարկավագի գրկում:

Աջակցության ու նվերների համար Զարզանդն ու Արմինեն շնորհակալություն է հայտնում, իսկ մենք վերադառնում ենք Սոցիալ-կրթական կենտրոն: Կենտրոնի ճանապարհին մեզ հրաժեշտ է տալիս նաև Ռոման սարկավագը. շտապում է եկեղեցի. Երեկոյան ժամերգությանը րոպեներ են մնացել:

«Արցախցի ընտանիքների հետ սկսել ենք աշխատել դեռ պատերազմի օրերից».

 Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում աշխատանքները չեն դադարել. Կենտրոնի կառավարիչը՝ Կարինե Գյադուկյանը, շարունակում է օգնել աշխատակիցներին՝ պատրաստել տնայցերի համար նախատեսված տուփերը: Նա մեզ հետ զրույցում ներկայացնում է պատերազմի ու դրան հաջորդած օրերի ընթացքում արված աշխատանքները. «Արցախցի ընտանիքների հետ սկսել ենք աշխատել դեռ պատերազմի օրերից: Այն պահից, երբ արդեն Գյումրիում կային ընտանիքներ, մենք Շիրակի մարզպետարանի հետ սերտ համագործակցությամբ  պատրաստեցինք կացարաններ, սննդամթերքի փաթեթեներ, անկողնային պարագաներ և այլն՝ գիտակցելով, որ մեր հայրենակիցների մի մասն է, որ շատ դժվար պայմաններում է հայտնվել, շատ անորոշ վիճակում է, և հնարավորինս լավագույնը պետք է անել մարդկանց օգնելու համար: Շարունակվեց այդ աշխատանքը նաև հետպատերազմյան օրերին: Մեր ուշադրության կենտրոնում և՛ վարձակալած բնակարաններում բնակվող  ընտանիքներն են, և՛ հարազատների մոտ իջևանած, և՛ պետական կառույցներում ապրող: Բոլորն ունեն մեր ուշադրության կարիքը և մենք լիահույս ենք, որ այս հանգանակությունները կշարունակվեն ու մենք հնարավորություն կունենանք մեր համեստ լուման ներդնել մեր հայրենակիցների վիճակը բարելավելու գործում»:

Կարինե Գյադուկյանը նշում է, որ «Աջակցենք Արցախին» ծրագիրը թիրախային է. «Ընտրվել են ընտանիքներ, որոնք ծանր կացության մեջ են, հիմնականում բազմազավակ ընտանիքներ են: Այն շատ համապարփակ ծրագիր է այն իմաստով, որ ամբողջ  ամսվա կտրվածքով հոգում է ընտանիքի սննդի  խնդիրը, կոմունալ վճարների խնդիրը: Օգնում է, որ  գոնե այդ բեռը թեթևանա, և մարդիկ փորձեն տեսնել, թե ինչպես են իրենք հարմարվելու այս իրավիճակին»:

Զարուհի Դիլանյան