Relief to displaced families
mother see of holy etchmiadzin

«Պատերազմը չի ավարտվել, եթե հայը չի հաղթել». քաշաթաղցիները վերադարձի  հույսը չեն կորցնում

«Պատերազմը չի ավարտվել, եթե հայը չի հաղթել». քաշաթաղցիները վերադարձի հույսը չեն կորցնում

«Եթե հայերը հաղթեն, մենք գնալու ենք մեր տները, մեր հողերի մոտ, մեր պարտեզները…. »․ Հինգամյա Արսենը՝ պատերազմի մասին

Պատերազմն ավարտվել է. հազարավոր արցախցիների կորցրել են տունը, հայրենի գյուղը, քաղաքը, բայց վերադարձի հույսը՝ ամուր են պահել: Փոքրիկ արցախցիները իրենց բոլոր երազանքները փոխարինել են մեկով՝ ուզում են իրենց տուն գնալ:

Արցախից Անտոնյանների ընտանիքն էլ է վերադարձի հույսով հաստատվել Հայաստանում: Այս ընտանիքի հետ ծանոթությունս Հայ Առաքելական եկեղեցու միջոցով է. Անտոնյանների ընտանիքը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո իրականացվող «Աջակցենք Արցախին» ծրագրի շահառուներից է:

«Քաշաթաղի շրջան, քաղաք Կովսական», – ծանոթությունը՝ պատերազմում թողած իր մշտական բնակության հասցեով է սկսում Արտակ Անտոնյանը:

Նա շուրջ 23 տարի առաջ է Արցախում հաստատվել վերաբնակեցման ծրագրով. ծառայությունից հետո մնացել է այնտեղ, կառուցել է սեփական տունը, ամուսնացել, ունեցել հինգ երեխա: Սակայն սեպտեմբերի 27-ին, խաղաղ առօրյան անսպասելիորեն փոխվել է. Սկսվել է պատերազմը:

 «Որպես բազմազավակ ինձ չէին տանում, ես կամավորագրվեցի – գնացի. երկու անգամ մերժեցին, երրորդ անգամ ստիպեցի ու գնացի: Սեպտեմբերի 29-ին գնացել ենք բոլոր բազմազավակներով, իմ հարևաններով, Երևանից էլ ընկերներ եկան -միացան մեզ, քսաներկու- քսաներեք հոգով գնացինք կամավորներով»,-պատմում է Արտակը:

Կամավորականների խումբն օրեր անց ստանում է նահանջի հրամանը ու ոտքով նահանջում շուրջ քառասուն կիլոմետր: Հոկտեմբերի տասնհինգին նրանք դուրս են գալիս Կովսականից, բայց կրկին բարձրանում դիրքեր. «Նշանակվեցի դիրքի հրամանատար. պատասխանատվությունը մեծ էր: Հետո, որ այս չարաբաստիկ թուղթը ստորագրվեց, ժողովուրդն արդեն իր հետ գնալու հույսը կորցրեց»:

Արտակը համոզված է, որ ինչ-որ մի օր կվերադառնան, քանի որ «պատերազմը չի ավարտվել, եթե հայը չի հաղթել», իսկ պատերազմի փորձությունները հիշելով՝ ասում է. «Աստված մեզ հանեց, Աստծու զորությունն էր»:

Կնոջ՝ Հերմինեի ընտանիքը նույնպես վերաբնակեցման ծրագրով է հաստատվել Կովսականում, ու հենց այնտեղ էլ Հերմինեն ծանոթացել է Արտակի հետ․ «Էնտեղ ենք ծանոթացել, էնտեղ ամուսնացել ենք, երեխաները բոլորն էնտեղ են ծնվել. Տասը ամսական են Արսինեն և Ադրինեն, տասներկու տարեկան՝ Արգիշտին, հինգ Արսենը, մեծ աղջիկս էլ՝ Արգինեն, տասնվեց տարեկան (Մասիսում պարապմունքի է. ուզում է քաղաքագետ դառնալ. պատմության պարապմունքների է: Ուսուցչից՝ ընկեր Ասլանյանից շատ գոհ ենք. անվճար է պարապում, քանի որ գիտի՝ Արցախից ենք)»:

Հերմինեն պատմում է, որ Կովսականը թողնելուց հետո սկզբում հաստատվել են Կապանում, սակայն Կովսականի հանդեպ կապվածությունը ստիպել է կնոջը դուրս գալ նաև Կապանից. «Դժվարանում էի այնտեղ, ոնց որ անընդհատ աչքդ հետ լինի, որոշեցինք տեղափոխվել այստեղ, քանի որ նաև ես այս կողմերից եմ ծնունդով:

Եկանք այստեղ` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ, վարձով տուն գտանք. ամսական 60.000 դրամ, կոմունալներն էլ հետը՝ 100.000-ից անցնում է»:

Ասում է՝ Հայաստանում առաջին օգնությունը ստացել են «Աջակցենք Արցախին» ծրագրով. համացանցով է տեղեկացել ծրագրի մասին. «Մոտեցա, դիմեցի, տեղում հենց գրանցել են ու չանցած մեկ շաբաթ՝ զանգահարել են ու կանչել»: Հավելում է՝ դեռևս միանվագ աջակցություններից են օգտվում-տնտեսում՝ մինչև աշխատանք գտնելը: Մտածում է շարունակել Կովսականում հիմնած գործը:

Արտակը խաչքարագործ է, աշխատել է Ռուսաստանում որպես ռեստավրատոր, ռուսական ուղղափառ եկեղեցիների ռեստավրացիաներին է մասնակցել ճարտարապետների հետ: «Յոթ տարի, ութ եկեղեցի»,- հակիրճ, բայց խոսուն՝ աշխատանքային արտերկրյա կենսագրությունն է ներկայացնում Արտակ Անտոնյանը:

Տղան՝ տասներկուամյա Արգիշտին ուզում եմ դառնալ արհեստավոր: Որն է ամենամեծ երազանքդ հարցին՝ նա պատասխանում է. «Հետ գնամ իմ տուն»:

Արգիշտին արտասվում է, հուզում են նաև ծնողները: Հերմինեն պատմում է. «Մի քանի օր առաջ փոքրս էր լացում, Արսենը: Ասում եմ՝ ինչի ես լացում, թե՝ դե գաղտնիք է չեմ ասի: Հետո ստիպեցի, ասեց՝ ես իմ մանկապարտեզի համար եմ լացում. ես որ մեծ լինեի, զինվոր կլինեի. ոչ մեկին չէի թողնի մտներ իմ մանկապարտեզը: Իմ պարտեզը կպաշտպանեի»:

Արտակն էլ պարզաբանում է՝ թշնամու տարածած տեսանյութերում տեսել են Արսենի մանկապարտեզը. «Ոստիկանության բաժանմունք են սարքել. որ տեսավ, հուզվեց»:

Արսենը բերում է ու ինձ ցույց է տալիս իր սրտում ու մայրիկի հեռախոսում պահված պարտեզի լուսանկարները:

-Արսե՛ն, ինչ ես անում տանը ,- հարցնում եմ։

Պատասխանում է.

-Որ ազատ եմ լինում, ու որ հեռախոսով չեմ խաղում, գնում եմ պապային եմ օգնում,հոգնում եմ, նստում եմ, հանգստանում եմ։

Արսենն ասում է՝ գիտի, թե ինչ է պատերազմը.

-Կռվում են․ եթե հայերը հաղթեն, մենք գնալու ենք մեր տները, մեր հողերի մոտ, մեր պարտեզները….

Արսենն ուզում է զինվոր դառնալ: «Զինվորների երգեր» էլ է սիրում երգել․ երգում է «Տասներեք արծիվները»։

«Ջաբրայիլի լեռներ այս գիշեր, հիշեցին մեր նախնյաց քաջերին,

տասներեք արծիվներ միացան պատմության զորավոր էջերին»,- Արսենը երգում է, պատերազմ տեսած ու Ջաբրայիլը ոտքով անցած հայրը հուզվում, Հերմինեն ամուր գրկում է իր փոքրիկ զույգերին ու նրանց հետ կարծես նաև իր վերադարձի հույսը։

«Ես իմ հոգու ամենախորքում հույս ունեմ, որ մեր տարածքները պետք է հետ բերենք»․

Քաշաթաղից են նաև Թադևոսյանների ընտանիքը. Գանձա գյուղից են տեղափոխվել Նորքի ժամանակավոր կացարան: Հերմինեի և Հարությունի ընտանիքում 7 երեխա է մեծանում՝ հինգ աղջիկ, երկու տղա: Նրանք 2007 թվականից են վերաբնակեցվել Արցախում․ Հարությունը համայնքի ղեկավար է եղել, կինը՝ Հերմինեն, դպրոցի տնօրենը։

«Մենք էնտեղ որ գնացինք ոչինչ չունեինք․ մի կիսակառույց, կիսավեր տուն»,-հիշում է Հերմինեն, ապա նշում, թե ինչպես են տարիների ընթացքում ստեղծել ամեն ինչ ու կորցրել պատերազմի մի քանի օրերի ընթացքում,- Չէինք կարծում, որ այս տեսակի պատերազմ էր, մտածեցինք, որ նորից որոշել են թուրքերն իրենց բախտը փորձել…

Հենց առաջինը օրը մեզ մոտ արդեն ուժեղ պայթյուններ եղան, դա ինձ հասկացրեց, որ սա ուրիշ պատերազմ է: Շատ վախեցել էինք, երեխաները մտնում էին սեղանների տակ, միանգամից կազմակերպվում էին… շատ սարսափելի բան էր:

Հետո արդեն որոշեցին ընտանիքներին հանել։ Ես չէի ուզում տեղահանվել, ուզում էի մնալ, մտածում էի շուտ է ավարտվելու, մտածում էի՝ մեզ վտանգ չի սպառնում, հեռու ենք, բայց այս պատերազմի պարագայում հեռուն կապ չուներ՝ Արցախի բոլոր տարածքներն առաջնագիծ էին»։

Հարությունը պատմում է, որ սեպտեմբերի 29-ին ընտանիքին տեղափոխել է Հոկտեմբերյան, իսկ ինքը մինչև նոյեմբերի 29-ը եղել է Արցախում, մասնակցել ռազմական գործողություններին․ «Ինձ օրենքով թույլ չէին տալիս գնալ՝ որպես համայնքի ղեկավար, և որպես բազմազավակ ընտանիքի հայր, բայց տարբերակ գտա որևէ ձևով մասնակցելու»։

Գանձա համայնքի ղեկավարը նշում է՝ իր համայնքի բնակիչներն այժմ Հայաստանի տարբեր մարզերում են հաստատվել:

Ընտանիքը 20 օր է ապրել Հոկտեմբերյանում՝ հարազատների տանը, ապա տեղեկացել, որ Հայ Առաքելական եկեղեցու Հայորդյաց տների միջոցով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեր է հատկացնում Արցախից տեղահանված ընտանիքներին․ «Հայորդյաց տուն գնացինք։ Արդեն նոյեմբերի 1-ից եկել ենք այս կացարան,-ասում է Հերմինեն և հավելում՝ Հայ Առաքելական եկեղեցու միջոցով են ստացել նաև առաջին աջակցությունը՝ «Աջակցենք Արցախին» ծրագրով նախատեսված տնտեսական և պարենային պարագները,- Գնացինք Էջմիածին, մեզ իրենց մոտ հաշվառեցին, մոտ տասն օր անց զանգահարեցին, որ եկեք, մենք ձեզ օգնելու պարագաներ ունենք»։

Հերմինեն Արցախ վերադարձի հույսը չի կորցնում. «Ես իմ հոգու ամենախորքում հույս ունեմ, որ մեր տարածքները պետք է հետ բերենք: Ես չգիտեմ՝ ոնց. ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական իմաստներով չեմ հասկանում՝ ոնց, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ գուցե մեր Քաշաթաղի գոնե հյուսիսային թևից մեզ վերադարձվեն: Մտածում եմ, եթե վերադարձվի, մենք անպայման անմիջապես կվերադառնանաք մեր բնակավայրերը: Բայց եթե էդպես չլինի… այ, արդեն փակ է, արդեն չգիտեմ․․․Ես ուզում եմ Արցախում ապրել, շատ եմ սիրում Արցախը: Երեխաներն էլ են երազում Արցախ վերադառնալու մասին. նույնիսկ փոքրս, երբ ասեց՝ ե՞րբ ենք գնում Ղարաբաղ, ասեցի՝ Մանա՛ն ջան, էլ չենք կարող գնալ Ղարաբաղ, աչքերը փակեց լացեց,-սակայն Հերմինեն գիտի՝ մի օր անպայման կառուցելու են Գանձայի իրենց մատուռը, որի հիմքերը գցել էին գյուղի բնակիչներով Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի օրը՝ ապրիլի 7-ին․- Գնացինք, օրհնեցին, 7 խաչ պետք է կոչվեր։ Շատ էինք սպասում․․․․դեռ մատուռը պատրաստ չէր, բայց գյուղի բնակիչներով գնում-մոմ էինք վառում․ մեր մատուռն էր, մեր սրբավայրն էր»։

Պատրաստեց Զարուհի Դիլանյանը

Փետրվարի 25, 2021