Relief to displaced families
mother see of holy etchmiadzin

«Ես գնալու եմ, դիմում գրեմ, իմ հոժար կամքով գնամ-ծառայեմ».  Իննամյա Էրիկը կարոտում է Արցախը

«Ես գնալու եմ, դիմում գրեմ, իմ հոժար կամքով գնամ-ծառայեմ». Իննամյա Էրիկը կարոտում է Արցախը

«Աջակցենք Արցախին» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկն արդեն տրված է

Գուգարաց թեմի առաջնորդարանում ենք: Թեմի սոցիալական բաժնի պատասխանատու Հռիփսիմե Միրզոյանը մեզ հետ զրույցում ամփոփում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգածությամբ իրականացվող  «Աջակցենք Արցախին» ծրագրի առաջին փուլը: Նշում է՝ ծրագրի շրջանակներում մեկ ամսվա համար նախատեսված սննդի փաթեթներ և տնտեսական պարագաներ են ստացել Վանաձորում և հարակից գյուղերում հաստատված Արցախի 50 ընտանիք:

 «Քահանաների հետ միչև ուշ գիշեր սննդի ծրագրով նախատեսված սնունդը փաթեթավորել և հասցրել ենք ընտանիքներին: Առհասարակ, Արցախյան 44-օրյա  պատերազմի առաջին իսկ օրից թեմի բոլոր քահանաներն իրենց հոգածության ներքո են պահել պատերազմի մասնակիցների ընտանիքներին,  Արցախից տեղահանված հազարավոր մարդկանց՝ նրանց ցուցաբերելով բարոյահոգեբանական աջակցություն: Նույնիսկ սահման գնացող քահանաներ ենք ունեցել,-պատմում է  Հռիփսիմե Միրզոյանը՝ ընդգծելով, որ այդ 44 օրերին իր հոգևոր առաքելությանը հավատարիմ՝ անքուն գիշերներ էր անցկացնում թեմի լուսահիշատակ առաջնորդ  Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը.- Բոլորի կողքին էր անընդհատ, առանց անգամ հանգստի, և նույնիսկ վերջում դիմել էր, որ գնա առաջնագիծ, բայց չհասցրեց»:

Գուգարաց թեմի սոցիալական բաժնի պատասխանատուն նկատում է՝ թեմի նորանշանակ առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը ևս  մեծ սրտացավությամբ է վերաբերվում սոցիալական նախաձեռնություններին. «Այս ծրագրի շրջանակներում տոնական նվերների փաթեթների հետ երեխաները  ստացան նաև Հովնան սրբազանի օրհնությունը: Նա իր անմիջական հոգածության ներքո է պահում այդ­­­­­ ընտանիքներին» :

Հռիփսիմե Միրզոյան­­­­ը տեղեկացնում է, որ «Աջակցենք Արցախին» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկն արդեն տրված է. «Մեր կամավորների հետ պատրաստել ենք փաթեթները. Հիմա պիտի 82 ընտանիքի փաթեթ տրվի, և այն, ինչը ավելացնում ենք, անպայման լինելու են գյուղական համայքներից: Նույն ծրագրի շրջանակում նաև Սուրբ ծննդյան նվերներ են հատկացվել Լոռու մարզում բնակվող Արցախյան պատերազմի մասնակիցների և Արցախից տեղահանված ընտանիքների շուրջ 900 անչափահաս երեխաների. փաթեթների մեջ քաղցրավենիք է, տարիքին համապատասխան զարգացնող խաղեր՝ հայկական արտադրության, և Աստվածաշունչ»:

Հռիփսիմեի հետ այցելում ենք ծրագրի շահառու Բագիյանցների ընտանիքին:  

«Ասեցի՝ գոնե մեզ հանի, երեխեքին գոնե, ասեց՝ ոնց ժողովուրդը, ընենց էլ դուք».

Չարեքտարից Բագիյանցները պատերազմի օրերին Ստեփանակերտից են եկել Վանաձոր ու ժամանակավորապես հաստատվել են այստեղ հետդարձի հույսով:

Մեզ դիմավորում է երեսունիննամյա Վերգինեն. նա ութ երեխաների մայր է:  

«Մոտիկներն ասում են՝ Վալյա. էդպես են ճանաչում»,-ասում է տիկին Վերգինեն ինձ հետ ծանոթանալիս, ապա դիմում աղջկան, որը մեզ տեսնելուն պես սենյակում էր առանձնացել.  «Գայո՛ւշ, արի՛, բալաս, արի քեզ չեն ուտում, գնա էրիկին էլ կանչի»:

Վերգինեի ամուսինը՝ Բագիյանց Ալբերտը, անմահացել է պատերազմում, ու ինչպես զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներում, այստեղ ևս առաջինը, ինչ տեսնում ես, փոքրիկ անկյուն-խորանն է, որտեղ հարազատները հավաքել են զոհվածի լուսանկարներն ու անձնական իրերը:

Տիկին Վալյան (ինձ ստիպում է հարազատի պես դիմել) պատմում է պատերազմից առաջն ու հետոն. «Մենք Շահումյանի շրջանից ենք, Չարեքտար գյուղից, բայց վերջին չորս տարին ապրել ենք Ստեփանակերտում ու որ կռիվը սկսել է, էնտեղից ենք էլի փախել: Եկել ենք Վանաձոր:

Պայմանավորվեցինք ամուսնուս հետ՝ գնանք Ստեփանակերտ-աշխատենք, քանի որ աղջիկս դեռ ամուսնացած չէր, սովորում էր Ստեփանակերտում, տղաս էլ՝մեծս, իններորդ դասարանից դուրս եկավ, ասեց գնամ՝ ես էլ արհեստ սովորեմ:

Մենք Ստեփանակերտում վարձով էինք ապրում, մեր տները հիմնական Չարեքտարում են (երկու տուն ունենք. Մեկը՝ վեցերորդ երեխայիս են նվիրել, մեկն էլ`սկեսուրիս թողած տունն էր) »:

 Ասում է՝վերջում է պարզվել, որ Չարեքտարը չի անցնում Ադրբեջանի կազմի մեջ, սակայն մինչ այդ գյուղի տները հայերն արդեն վնասած են եղել՝ մտածելով, թե պիտի մնա թուրքին: Վալյան հիմա սպասում է, որ սարքեն, ու իրենք հետ գնան: Նա չի վախենում թշնամուց.  «Ճիշտն ասած, ինչ լինելու  է,լինելու է, եթե չգնանք, տները կվերցնեն: Կարող է՝ գնանք Ստեփանակերտ բնակվենք, մինչև տները սարքեն, որովհետև երեխաներն էլ են շատ ուզում գնալ Արցախ. Ուղղակի տուն չկա էս պահին. Ստեփանակերտում դժվար է վարձով տուն գտնել, որովհետև մոտիկ գյուղերից, Հադրութի շրջանից շատ են եկել:

Տիկին Վալյայի տղաներից մեկը դեռ ծառայում է. Պատերազմի օրերին մասնակցել է մարտական գործողություններին, վարորդ է եղել: Ամուսինը պայմանագրային զինծառայող էր. զոհվել է սեպտեմբերի երեսունին Քարվաճառում:  Վալյան ամուսնուն  է հիշում հուզված.  «Նաև շինարարությունում էր աշխատում, բանվորություն էր անում ՝ կապ չունի ինչ գործ, էնքան որ երեխեքը ապահով լինեն, ոչ մի բանի կարիք չզգան:

Դիրքեր օգոստոսի քսանյոթին էր գնացել, սեպտեմբերի քսանհինգին եկել: Սեպտեմբերի քսանյոթին էլ առավոտ պատրաստվել էր, որ արդեն պիտի գնար աշխատանքի, հլը չհասցրած տեղաշորում, որ զարթնի, կռիվը սկսել էր :

Գնաց քաղաքում պտտվեց – եկավ, չէր արտահայտվում: Ասում եմ՝ էս ինչ է,  ոնց որ լավ չի վիճակը, ասում է՝ զենքի պահեստ է միամիտ պայթել, ոչ մի բան չկա, լավ է, ու հետո ինքը հավաքում է իր շորերը, ասում է՝ պիտի գնանք, կամանդիրը զանգել է:

Ասեցի՝ գոնե մեզ հանի, երեխեքին գոնե, ասեց՝ ոնց ժողովուրդը, ընենց էլ դուք»:

Վալյան չի ցանկացել թողնել իր զինառայող որդուն ու ամուսնուն, բայց մյուս երեխաների հետ ստիպված է եղել դուրս գալ, երբ զինծառայող որդին ասել է. «Մա՛մ, երեխեքին հանի. սա ապրիլյանի դեպքը չի, չես իմանա՝ ինչ կլինի.  մեկ է, ասում է, որ դու էստեղ մնաս, ինձ ի՞նչ օգուտ, կամ պապային ի՞նչ օգուտ. պապան՝ Օմարում, ես՝ Մարտակերտ»:

Վալյան պատմությունը կիսատ է թողնում. տուն է գալիս կրտսեր որդին՝ իննամյա  Էրիկը: Էրիկի շարժուձևից հասկանում ես՝ ուզում է իր վրա վերցնել բացակայող հոր կերպարը. մտնում է ներս, բարևում բոլորիս, ներսում գտնվող միակ տղամարդուն՝ լուսանկարչին՝ձեռքով: Նա արդեն հասցրել է  նոր ընկերներ գտնել՝  Գագիկը, Սպարտակը, Սարգիսը, սակայն շատ է կարոտում Արցախի իր ընկերներին ու տունը:

«Տեղափոխվել ենք, որ էս կռիվը վերջանա, գնանք: Որ պատերազմը սկսվել ա, ես էլ եմ եղել հայաթում: Հետո եկել ենք ստեղ»,-ասում է Էրիկը ու պատմում, որ սիրում է անգլերենն ու սպորտը.- Սպորտի եմ գնում, որոշել եմ չեմպիոն դառնալ»:

Նաև նշում է, որ սիրում է գրքեր կարդալ, հարցին՝ ի՞նչ գիրք ես կարդում հիմա, ծիծաղելով պատասխանում է՝ «Մայրենի»:

Ասում եմ՝ էլ ի՞նչ կուզես ավելացնել, նորից  ծիծաղում է ու կենացի նման ասում՝ առո՛ղջ լինենք:

Տիկին Վալյան Էրիկի մասին պատմում է. «Որ ինքը շատ փոքր էր, միշտ ասում էր, որ ես մեծանամ, հետախույզ եմ դառնալու: Տղաներիցս Վիտալիկը ասում էր՝ Էրիկ, դու չես ծառայելու, գիտես չէ՞ . օրենք կա, որ երեք զինվոր ծառայում են մի տնից, չորրորդը չի ծառայում, Էրիկն ասում է՝ ո՞նց չեմ ծառայելու, ես ծառայելու եմ, կտեսնեք՝ ես ոնց եմ ծառայելու: Ասում է՝ ես գնալու եմ -դիմում գրեմ, ես իմ հոժար կամքով գնամ-ծառայեմ»:

Էրիկի քույրը՝ Մարիանան է մոտենում. «Ես վեց տարեկան եմ, յոթ եմ դառնում երեք ամսից»: Մարիանան Վանաձորում պարի է գնում, շատ ընկերներ ունի, բայց նշում է Սեդայի մասին. ասում է՝ Սեդան գիտի, որ ինքն Արցախից է ու Սեդային իր տան մասին է պատմում:

Էրիկին, Գայանեին, Նուշիկին, Մարիանային հարցնում եմ՝ ի ՞նչ կա Արցախում, որ էստեղ չկա, Էրիկը մեծի նման նկատում է.  «Այնտեղ գործեր շատ կային, էստեղ չկա: Տատին ընտեղ լիքը ծանոթություն ուներ»:

Տատիկը տիկին Համեստն է, նա պատերազմից հետո նույնպես Վալյայենց տանն է ապրում: Տիկին Համեստը շարունակում է թոռան խոսքը. «Ստեղ վեչ մի ծանոթ չկա: Ես հավատք ունեմ, իմանում եմ, որ մենք գնալու ենք, էնա մեր տները սարքում են ամեն ձևի: Ուրանք ասում են՝ վեշերով-պանով տալու են :

Ստե կարալ չենք քե մատաղ, մենք ապրինք. ասում չեմ վատ տեղա, լյավ տեղա, ժողովուրդը լյավնա, ամեն ինչով օգնում ըն, բայց…. »:

Վանաձորում Վալյային տունը տվել են անհատույց. տանտերն իմացել է՝ Արցախից են, ասել է՝ թող ինչքան պետք է, մնան: Կոմունալներն ինքն է վճարել մի քանի ամիս, բայց հիմա բարեգործական կառույցներն ու բարերարներն են ձեռք մեկնում: Տիկին Վալյան հիշում է նաև Հայ Առաքելական եկեղեցու «Աջակցենք Արցախին» ծրագրի մասին, ասում է՝ շուտով երկրորդ անգամ պետք է օգտվեն: Այս անգամ դեռ նվերների ու քաղցրավենքի փաթեթներն է բերել Հռիփսիմեն, պայմանավորվում են՝ երկուշաբթի օրը հաջորդ աջակցությունը փոխանցելու համար: 

Պատրաստեց Զարուհի Դիլանյանը

15 փետրվարի, 2021թ.